Այսօր՝
 
  • 21:23 – Հակոբ Նազարյանը դուրս է եկել ԲՀԿ–ից 
  • 19:29 – ԱԺ աշխատակազմի, պատգամավորների աշխատավարձի չափը՝ օրենքի համաձայն 
  • 17:03 – Ազգային ժողովի 5 օրերի աշխատանքը ցույց տվեց, որ քաղաքական դաշտում առողջացման միտումներ են նկատվում. Գևորգ Պետրոսյան 
  • 16:13 – Անկարան մեղադրել է ամերիկյան դիվանագետին ահաբեկչությանն աջակցելու մեջ 
  • 15:57 – Պետական համակարգի օպտիմալացումը մեր նախընտրական ծրագրի դրույթներից է եղել, որին ընտրողն «այո» է ասել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

ՀՀ-ում արտագաղթն ու ուղեղների արտահոսքը շարունակում են արնաքամ անել մեր տնտեսությունը. Թաթուլ Մանասերյան

ՀՀ-ում արտագաղթն ու ուղեղների արտահոսքը շարունակում են արնաքամ անել մեր տնտեսությունը. Թաթուլ Մանասերյան


Ուզում եմ հավատալ, որ կառավարությունն իր առջև դրված ծրագրերը կիրագործի, բայց մեկ տարին լրացել է, իսկ որևէ ոլորտ չեմ հիշում, որ լուրջ ճեղքում է առաջացրել, թեպետ մեր նման փոքր երկրում դա ակնկալելի էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով Ազգային վիճակագրական ծառայության և Կենտրոնական բանկի ներկայացրած ցուցանիշներին։ Տնտեսագետը հայտարարեց՝ առևտրաշրջանառության հայտարարված աճը խաբուսիկ է, իսկ արտագաղթն ու ուղեղների արտահոսքը շարունակում են արնաքամ անել երկրի տնտեսությունը։

- Պարո՛ն Մանասերյան, Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, գյուղատնտեսության ոլորտում 2.1 տոկոսով անկում է եղել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչո՞վ է պայմանավորված այս անկումը՝ հաշվի առնելով այն, որ այս ոլորտը ՀՀ տնտեսական աճի կարևոր բաղադրիչներից է:

- Գյուղատնտեսությունը միշտ ավելի համեստ վիճակում է գտնվում՝ ժամանակակից տեխնոլոգիաների, մեխանիզացվածության տեսանկյունից և այլն, այնպես որ, չեմ կարծում, թե գյուղատնտեսությունը ՀՀ տնտեսության հիմնական ճյուղերից է: Այլ հարց է, որ այս ոլորտը մեծ պոտենցիալ ունի, որն օգտագործել է պետք. կարծես որոշ քայլեր արվում են: Լիահույս եմ, որ իրենց նպատակին կհասնեն, նկատի ունեմ նաև խելացի այգիները, կաթիլային ոռոգումը և այլն: Հորդորում եմ վատ չտրամադրվել անկման պատճառով, քանի որ հրապարակված թվերն առաջին 7 ամիսների տվյալներ են, իսկ այդ ընթացքում, միայն հունիս ու հուլիս ամիսներն են այս ոլորտի համար աշխույժ: Ակնկալիքներ պետք է ունենալ օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներից: Կասկած չունեմ, որ գյուղատնտեսությունը կունենա դրական ցուցանիշ և կշտկի վիճակը: Այս թիվն ինձ՝ որպես տնտեսագետի, լուրջ մտահոգության առիթ չի տալիս, թեպետ գյուղատնտեսական ոլորտում լուրջ խնդիրներ կան ու ագրարային քաղաքականությունից շատ դժգոհ եմ՝ արդյունավետ չէ: Վստահ եմ՝ նաև հայ գյուղացու համառությունն իր արդյունքները կտա:

- Անկում կա նաև շինարարության ոլորտում՝ 8.7 տոկոսով, շինարարության ծավալը դրամով կազմել է 143 միլիարդ 859 միլիոն դրամ:

- Շինարարությունն այն ոլորտն է, որ ճգնաժամի փուլում ամենաուշն է ներգրավվում դրա մեջ, սակայն նաև ուշ է ազդվում տնտեսական աճից: Հիշենք, երբ 2008թ. ճգնաժամը սկսվեց, անկումը շինարարության ոլորտում զգացվեց 2009-2010 թվականներին: Այս պատճառով հորդորում եմ կառավարությանն ավելի շատ ուշադրություն դարձնել արտադրական տարածքների շինարարությունը: Եթե հաշվի առնենք նաև, որ ավտոմագիստրալների կառուցումը որոշակի դանդաղել է, ապա սա ևս իր հետքը թողնում է շինարարության ոլորտի վրա: Հիշենք նաև, որ ընդհանրապես անշարժ գույքի շուկան գերհագեցած է ՀՀ-ում, այստեղ մեզ համար բավականին մտահոգիչ կետեր կան: Սրա համար եմ ասում, որ զարկ պետք է տրվի արտադրական շինարարությանը, հատկապես համապետական բնույթի ծրագրերին, կապիտալ ներդրումներին, ներքին ներդրումների մասով պետությունն իր մասնակցությունը պետք է ունենա:

- Փոխարենը մենք աճ ունենք առևտրաշրջանառության ոլորտում՝ 7 ամիսներին կազմել է 1 տրիլիոն 346 միլիարդ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 12.2 տոկոսով: Ինչի՞ հաշվին է աճ եղել:

- Այս ոլորտում շարժ կա, չի կարելի չնկատել: Սակայն ընդհանուր առմամբ նաև իրականությանը չեն համապատասխանում հայտարարությունները, թե 50-51 տոկոս առևտրաշրջանառություն է եղել աճ դեպի եվրասիական երկրներ: Բան այն է, որ ՀՀ-ում գրանցված որոշ տնտեսվարողներ «re-export»- ով են զբաղվում, այսինքն՝ ՀՀ ապրանք ու ծառայություններ են բերում, հետո վերամակնիշավորելով՝ ուղարկում 3-րդ երկիր: Սա չի կարող տնտեսության վրա դրական ինչ-որ բան թողել, և վիճակագրական առումով խաբուսիկ պատկեր է տալիս: ՀՀ-ում առևտրաշրջանառության ավելացման գործոններից առաջինը մրցունակությունն է, լավ մարկետինգը, որպեսզի շուկան ուսումնասիրենք ու մեր ապրանքը ներկայացնենք: Մեզ մոտ բացակայում է տնտեսական դիվանագիտությունը, սա մեր ամենախոցելի տեղերից է, իսկ այս պայմաններում լուրջ աշխուժություն առևտրաշրջանառության մեջ չենք կարող ակնկալել: Ամենակարևորներից այն է, որ մեր կառավարությունը մտածի, թե ինչպես երիտասարդ, շնորհալի մարդկանց ներուժն օգտագործի ՀՀ-ում, քանի որ արտագաղթն ու ուղեղների արտահոսքը շարունակում է արնաքամ անել մեր տնտեսությունը: Մինչ այս հարցերը չլուծվի, էական տեղաշարժ չի լինի, որքան էլ խոսեն մի քանի 100 մլն ներդրումների մասին: Այս ներդրումներ իրականացնողներն ովքե՞ր պետք է լինեն, սա է մեր կառավարության ամենախոցելի տեղը:

- Արտահանումը այս տարվա 7 ամիսներին՝ նախորդ տարվա առաջին 7 ամիսների համեմատ, աճել է 21.6 տոկոսով, զուգահեռաբար ներմուծումը 28.5 տոկոսով է աճել: Ի՞նչ ենք ներմուծել, հնարավո՞ր է՝ արտադրական հումք ներմուծած լինենք:

-Հիմնականում ներմուծել ենք առաջին սպառման ապրանքներ, քանի որ առայժմ չենք կարողանում հայաստանցի սպառողին տեղական արտադրանք ներկայացնել: Կյանքի չենք կարողանում կոչել ներմուծման փոխարինման քաղաքականությունը, թեպետ սրա մասին արդեն բավականին երկար ժամանակ են խոսում: Սա տեղի չի ունենում, քանի որ ոմանց շատ ավելի շահեկան է ներկրել, իսկ այս պայմաններում հայ գյուղացին լուրջ աշխուժություն չի կարող դրսևորել. բերվում են անորակ, վտանգավոր մթերքներ, հայաստանյան փոքրիկ շուկայում մրցակցությունը սրվում է: Չեմ կարծում, թե արտադրական հումքի ներկրում է եղել, քանի որ կոմպակտ տնտեսություն ունեցող երկրում հասարակ քաղաքացիներն էլ կզգային, որ ինչ-որ տեղական արտադրություն ավելի աշխուժացել է: Ուզում եմ հավատալ, որ կառավարությունն իր առջև դրված ծրագրերը կիրագործի, բայց մեկ տարին լրացել է, իսկ որևէ ոլորտ չեմ հիշում, որ լուրջ ճեղքում է առաջացրել, թեպետ մեր նման փոքր երկրում դա ակնկալելի էր:

- Խոսեցիք ուղեղների արտահոսքի մասին, այստեղ ուշագրավն այն է, որ գրեթե բոլոր ոլորտներում տարեց տարի փոփոխությունն է լինում, իսկ գործազրկության, աղքատության, արտագաղթի մակարդակը շատ չնչին է տատանվում, շատ անգամ տատանումը լինում է բացասական տենդենցով:

- Իրականում, դեմոգրաֆիկ անվտանգության տեսանկյունից եթե նայենք, ապա արտագաղթի զանգվածային բնույթը, գոնե թվերի լեզվով ասած, պետք է մեղմեր աղքատության մակարդակը: Բան այն է, երբ ավելի աղքատ մասը դուրս է գալիս, մնում է որոշակիորեն ավելի վճարունակ զանգվածը: Խնդիրն այն է, որ մեր ներքին պրոցեսները տանում են ավելի աղքատացման, միջին խավը գնում է աղքատացման ճանապարհով: Այս իմաստով մտահոգություն կա, քանի որ երիտասարդները նեգրավված չեն. հարգարժան վարչապետի դրայվը պետք է լինի երիտասարդությունը: Այն դեմքերը, որ այսօր կան կառավարությունում, որքան էլ իրենց հոսանքներ միացնեն, միևնույն է՝ դրայվը չեն ստանալու: Պետք է երիտասարդներին միացնեն, բայց շնորհալի երիտասարդներին, որովհետև կան երիտասարդներ, որոնց շնորհալին հոմանիշ չի դառնում. այսօր էլ կառավարությունում նման ապաշնորհ մարդիկ կան:

- Կենտրոնական բանկը նախօրեին ներկայացրել է դրամավարկային քաղաքականության ծրագրի՝ 2017թ. 3-րդ եռամսյակի ցուցանիշները: Ելնելով 2017 թ. առաջին կիսամյակում արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունից՝ ԿԲ-ն վերանայել է 2017 թ. տնտեսական աճի կանխատեսումը դեպի վեր: Տնտեսական աճը միջնաժամկետ հատվածում կձգտի իր երկարաժամկետ ներուժային մակարդակին՝ գտնվելով 4-5 %-ի միջակայքում: Իսկ ըստ Ազգային վիճակագրության ծառայության վերջին հրապարակման՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին կիսամյակում եղել է 6.2 տոկոս: Ինչի՞ հաշվին է տնտեսական ակտիվությունը, եթե այս կամ այն ոլորտում խոշոր աճ չկա:

-Կարծում եմ՝ ԿԲ-ի գնահատականը բավականին սթափ է, իհարկե, կարելի նաև մի քիչ ավելի բարձ տեմպերով տնտեսական աճ: Այս թվի մեջ հիմնականում հաշվարկված են հանքարդյունաբերության ներդրումները, թեպետ դա ինձ համար տնտեսական անվտանգության տեսանկյունից վիճելի ոլորտ է: Բնականաբար, այս թվերը չեն արտացոլում մեր պոտենցիալը, բազմիցս ասել եմ ու անձամբ ՀՀ կառավարության ղեկավարին ներկայացրել եմ ծրագիր, թե ինչպես կարելի է երկնիշ թվով տնտեսական աճ գրանցել: Կարծում եմ՝ սա կարող է լինել հետևողական աշխատանքի արդյունք, որովհետև ըստ ճյուղերի, համայնքների չունենք անձնագրեր, թե որտեղ ի՞նչ ներուժ ունենք, ի՞նչ հավելենք, որ վերջնաարդյունքը տնտեսական աճի համար նպաստավոր լինի: Պետք է տարբերակենք նաև իրական տնտեսական աճն ու վերականգնողական աճը, որովհետև մեզ մոտ դեռևս վերականգնողական բնույթի աճ է: Այս վերականգնողականն էլ պետք է լինի երկնիշ թվերով, օրինակ՝ Գերմանիան վերականգնողական աճը 20-30 տոկոսով էր անում, իսկ հիմա գերտերությունները կարող են 1-3 տոկոս տնտեսական աճ ունենալ ու բավարարվել:

- Առաջին 7 ամիսներին աճել է նաև էլէներգիայի արտադրությունը՝ 7.8 տոկոսով: Ներքին սպառմա՞ն, թե արտահանման հաշվին է աճել:

- Ձեր նշած երկու գործոններն էլ եղել են, չմոռանանք, որ մենք էլէներգիա ենք արտահանում Վրաստան ու Իրան: Սակայն մենք այս պահին օգտագործում ենք մեր էներգետիկ ռեսուրսների 33 տոկոսը: Ի դեպ, ցանկանում եմ էներգետիկայի նախարարին հորդորել, որ զերծ մնա ոլորտն ազատականացնելու հռետորական հորդորներից: Մեր էներգետիկ բալանսի 42 տոկոսը տալիս է Ատոմակայանը, եթե ազատականացնենք, ապա պատասխանատուն անորոշ է լինելու: Եթե հարևան երկրները սրա մասին իմանան, հանկարծ հարցնեն, թե ո՞վ է պատասխանատու Ատոմակայանի համար ու պատասխան լսեն, թե ազատական է, ապա մենք դառնում են շատ խոցելի Ադրբեջանի ու Թուրքիայի համար: Այսքան բանը պետք է հասկանալ և՛ տնտեսական, և՛ քաղաքական մակարդակում:

- Ըստ ԿԲ-ի՝ գնաճը լինելու է 4 տոկոսի շրջանակում, սակայն սրան զուգահեռ՝ մարդկանց եկամուտների աճ չի լինում: Սա սոցիալական խնդիրների խորացման չի՞ հանգեցնելու:

- Այս խնդրով պետք է մտահոգվեն կառավարության բոլոր կառույցները, որովհետև միայն ասել, որ գնաճի նպատակադրումը ԿԲ-ի քաղաքականության թիրախն է, և ամենը բարդել նրանց վրա, արդարացված չէ: Կարծում եմ՝ այստեղ պետք է իր դերը ունենա ՏՄՊՊՀ-ն, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և այլն, որպեսզի թիմային աշխատանքով զսպեն գնաճը, և սրան զուգահեռ՝ նաև տնտեսական աճի հաշվին բարձրացնեն մարդկանց եկամուտներն ու գնողունակությունը:

- Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարեց, թե քաղաքացին իր մաշկի վրա է զգում տնտեսական աճը:

- Թեպետ շատ հարգանքով եմ վերաբերում նախարարին, միևնույն է՝ կարծում եմ, որ մի փոքր կտրված է իրականությունից: Նման բան պետք է ասի ոչ թե որևէ նախարար, այլ դրա մասին պետք է խոսեն պարզ մարդիկ, հատկապես այն մարդիկ, ովքեր ներկայացնում են այն մեկ երրորդը, որը գտնվում է աղքատության և ծայրահեղ աղքատության շեմին: Այս ժամանակ նոր կարող էին ասել, որ կա նման բան, քանի որ բոլոր պետական չինովնիկները պետք է հիշեն, որ նման գնահատական կարող է տալ միայն ժողովուրդը, քանի որ գոնե աղքատության ցուցանիշը պետք է նվազի:

-ՀՀ ՀՆԱ-ի պատկերը Ձեզ գոհացնո՞ւմ է, քանի որ, նախնական տվյալներով՝ 2017 թվականի 2-րդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը ընթացիկ գներով կազմել է 1 տրիլիոն 205.1 մլրդ դրամ։ Առաջին եռամսյակում ցուցանիշը 971.9 մլրդ դրամ էր։

-Մեր ՀՆԱ-ի պատկերը խայտառակ է, մեր ՀՆԱ-ն դիվերսիֆիկացված չէ, մեր ՀՆԱ-ի հետ այս դեռ այս իմաստով բավականին աշխատանք կա անելու: Կառավարությունն առայժմ շոշափելի արդյունք տվող քայլեր չի ձեռնարկում: Կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինի ՀՆԱ-ի դիվերսիֆիկացումը: Ասեմ, որ այս իմաստով կառավարությունը պետք է չշտապի համայնքների խոշորացման ծրագիր իրականացնել, պետք է կամավոր լինի:
Անի Օհանյանскачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Հայաստան
Լրահոս
Բոլոր նորությունները →