Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Հեղափոխական փարթի Ստեփանակերտում /անտիլրագրություն-2/

Հեղափոխական փարթի Ստեփանակերտում /անտիլրագրություն-2/


Tert.am-ը ներկայացնում է ՎԱՐԴուհի Սիմոնյանի արցախյան քաղաքային զրույցների շարքը, որի առաջին մասն արդեն հրապարակված է: Այս անգամ հեղինակը զրուցում է Արցախի քաղաքային երիտասարդության հետ՝ փորձելով պարզել, թե նրանք ինչ արժեքներ են կրում, ինչ նորարար գաղափարներ ունեն և թե ինչպես է ստացվել, որ գլխավոր՝ պատերազմի և խաղաղության հարցում հայրերն ու որդիները չունեն տարաձայնություններ: Ժամանակակից, մրցունակ կրթություն, ահա պատերազմի իրական այլընտրանքը՝ պնդում է Ստեփանակերտի Թումո կենտրոնի սաներից մեկը, իր սթափ խոհերը բանաձևելով այսպես՝ հայրենիքի համար զոհվել պետք չէ, ապրել է պետք:

«Ամեն օր մենք հագնվում և հանվում ենք, կա գիշեր և կա ցերեկ: Սա նշանակում է, որ մենք ամեն օր քանդվում ու հավաքվում ենք, ամեն օր: Այ քեզ հրաշք, ուրեմն՝ ամեն օր մենք հնարավորություն ունենք ավելի կատարյալ դառնալ, ավելի պինդ ու ուժեղ: Եվ ուրեմն՝ կեցցեն բոլոր պրոբլեմները, որոնք մեզ հանդիպում են մեր ճանապարհի կեսին, չէ՞ որ նրանք հարթում են մեր գնալիք ճանապարհը: Կա կյանքն իր ձանձրալի սցենարով, բայց այդ կինոն ջահելության համար չէ: Եթե կարողանում ես փոխել այդ սցենարը, ուրեմն դու երիտասարդ ես, եթե ոչ…բայց ինչո՞ւ ոչ, ավելի ճիշտ է ասել՝ այո»: Այս խոհերի հեղինակը պերուացի երաժիշտն է, որն իր մոտոցիկլետով կտրել, անցել է աշխարհը և հասել Ստեփանակերտ մեկ առաքելությամբ՝ սեր ու խաղաղություն քարոզել մարդկանց:

Ստեփանակերտը մարմին քաղաք չէ, հոգի քաղաք է

-Դուք հազարավոր քաղաքներ եք ոտնատակ տվել և երևի, քաղաքների ինչ-որ դասակարգում կունենաք Ձեր մտքում, ըստ Ձեզ՝ Ստեփանակերտն ի՞նչ կերպար է՝ նման է ջահել, արտիստիկ, խենթ երիտասարդի՞, թե ավելի շուտ հասուն, հավասարակշիռ, քչախոս մեկն է:

-Չեմ պատասխանելու հարցիդ, քանի որ ինձ կրկին Դուք-ով ես դիմում:

-Օ՜, ներիր, ներիր, սա մասնագիտական հին կոշտուկ է, ամեն մասնագիտություն ունի՞ չէ իր կոշտուկները:/Ծիծաղում ենք. Վ.Ս/

-Անկեղծ ասեմ՝ ես չեմ սիրում մեծ քաղաքները: Ինչ լավ է, որ Ստեփանակերտը մեծ քաղաք չէ: Ուրբանիզացիան հիվանդություն է, սպանում է մարդկային կերպը, ճզմում մարդու հոգին: Ստեփանակերտում մարդիկ իրար վրայով չեն քայլում, դա արդեն հրաշալի է: Հետո էլ, որքան մեծ է քաղաքը, այնտեղ սպառողականությունն ավելի շատ է: Ես սիրում եմ ոչ թե մարմին քաղաքները, այլ հոգի քաղաքը: Ստեփանակերտը հոգի քաղաք է: Այս քաղաքը ոչ թե հիվանդություն, այլ առողջություն է արտադրում՝ մաքուր օդ, մաքուր ջուր, անկրկնելի բնություն: Բայց ինձ ավելի սիրելի է նախնականությունը՝ գյուղը: Որքան էլ այնտեղ կյանքը դժվար լինի, սպասարկումներն՝ աղքատիկ, իսկական մարդկային հարաբերությունները, բնության հետ մաքուր կապը, գողտրիկ կյանքը հենց գյուղերում է: Արցախում անտառի խորքում ապրող հրաշալի գյուղեր կան: Առողջ մարդը գիտի, որ այդ գյուղերը հազար Նյու-Յորք արժեն:

-Քաղաքացիներիս համար դժվար է, իհարկե, այս ինքնախոստովանությունը, բայց քաղաքը մեծ հաշվով, գյուղի ծաղրանկարն է, այո: Մարդը վերցրել է մի ամայություն և վրան ծաղիկ, գազոն նկարել, որ նմանակի բնությանը: Կեղծիք կա, չէ՞:

-Իհարկե, ծաղրանկարն է և կա մեծ կեղծիք, դրա համար էլ, շատ վաղուց մարդիկ քաղաքներում իրար լավ չեն հասկանում: Փորձում են հարմարվել այդ կեղծիքին և ամեն բան, ակամայից ստվում է: Քաղաքն ազատ չէ, իհարկե, չես ասի, թե գյուղն ազատության կղզյակ է, բայց ամեն դեպքում, այստեղ ավելի հավանական է գտնել ապրելու ազատ ձևեր, ավելի ազնիվ ու ազատ հարաբերություններ: Մի խոսքով, քաղաքի կյանքն իմը չէ. ամեն մարդ ձգտում է ավելի մեծ մեքենա վարել, քան իր հարևանը, գտնել փող, փող, փող: Իսկ ո՞ւր մնաց կյանքը: Այ հիմա գնացի, մնացածի մասին երգելուն զուգընթաց կասեմ.

Դը Վասկո-Ինձ մի անգամ հարցրին՝ այսքան շրջագայում ես աշխարհում, որն էր քո ամենադիտարժան, ամենատպավորիչ ճամփորդությունը: Ու ես պատասխանեցի շատ անկեղծ՝ ճամփորդությունն իմ ներսում, իմ հոգու հեռուներում: Իմ ներսում զնգացող երգերից ավելի լավ ճամփորդությո՞ւն: Երգից ավելի չքնաղ, ավելի զիլ բան, եթե կա, դա լռությունն է: Չնայած՝ լռությունն էլ երգ է: Բայց մեզ խանգարում են լսել լռության երգը: Ստացվել է այնպես, որ միայն նոտաների արանքում է ապրում լռությունը: Մեր ականջները, բերանը, ուղեղը խցանում են տեղեկատվությամբ, մեզ անընդհատ բաժանում են բառերով: Իսկ բառն ամենամեծ ռումբն է: Երբեք չի կարելի խաղալ բառերի հետ, նրանք կարող են վիրավորել, սպանել: Ես այնքան էլ խելոք չեմ, ավելին՝ վստահ եմ, որ դուք ինձնից մի քանի գլուխ խելոք եք, բայց ուզում եմ իմ զգացմունքներով կիսվել ձեզ հետ: Ուշադրություն, ոչ թե մտքերով, այլ՝ զգացմունքներով: Ամեն օր մենք հագնվում և հանվում ենք, կա գիշեր և կա ցերեկ: Սա նշանակում է, որ մենք ամեն օր քանդվում ու հավաքվում ենք, ամեն օր: Այ քեզ հրաշք, ուրեմն՝ ամեն օր մենք հնարավորություն ունենք ավելի կատարյալ դառնալ, ավելի պինդ ու ուժեղ: Եվ ուրեմն՝ կեցցեն բոլոր պրոբլեմները, որոնք մեզ հանդիպում են մեր ճանապարհի կեսին, չէ՞ որ նրանք հարթում են մեր գնալիք ճանապարհը: Կա կյանքն իր ձանձրալի սցենարով, բայց այդ կինոն ջահելության համար չէ: Եթե կարողանում ես փոխել այդ սցենարը, ուրեմն դու երիտասարդ ես, եթե ոչ…բայց ինչու՝ ոչ, ավելի ճիշտ է ասել՝ այո: Երիտասարդությո՜ւն, ապա, բոլորս միասին՝ այո՜…

-Իսկ երիտասարդությունը համաձա՞յն է այս մտքերի հետ:

-Հիմնականում՝ այո, իհարկե:

-Շատ հետաքրքիր է, Ձեզ դուր չեկա՞վ:

-Հետաքրքիր դեմք է, բայց արդյո՞ք Արցախի երիտասարդությունը կարողանո՞ւմ է Դը Վասկոյի ասած՝ սցենար փոխել:

-Իհարկե, կարողանում է: Դե պատերազմ կա, բան կա, հեշտ չի:

-էհ, մենք արդեն էնքան դժվարություններ ենք տեսել, որ արդեն ծերացել ենք, ծերացել:

-Ես հաճախակի եմ լինում Արցախում և, զրուցելով ամենատարբեր տարիքի մարդկանց հետ, գիտե՞ք ինչ եմ նկատել…փորձեմ այնպես ձևակերպել, որ հանկարծ ձեզ չնեղացնեմ: Նկատել եմ, որ գլխավոր հարցերի շուրջ այստեղ հայրերն ու որդիները, կարծես կոնֆլիկտ չունեն՝ նույն բանն են ասում: Միգուցե այս երկարամյա պատերազմն է պատճառը, այն, որ դուք ձեր հայերի ու պապերի կիսատ թողած կռի՞վն եք կռվում…

-Չէ, չէ, այդպիսի բան չկա, որ մենք 100 տոկոսով համաձայն ենք ավելի մեծերի հետ: Ժամանակները փոխվում են, շատ մտքեր հնանում են, ինչու բոլոր հարցերով իրենք ճի՞շտ են:

-Իսկ որն է, օրինակ՝ ձեր սերնդի տարաձայնությունը, ո՞ր հարցում համաձայն չեք իրենց հետ:

-Ո՞ր հարցում…

-Շատ հարցերում, կենցաղից սկսած՝ քաղաքական հարցերով վերջացրած: Էս պատերազմն ավելի շուտ կպրծներ, եթե գնային առաջ, ոչ թե կանգնեին, թե հրադադարի պայմանագիր ենք կնքում: Հիմա էլ նույնն է, էս ապրիլին էլ որ չկանգնեին՝ պատերազմը փակած, պրծած կլինեին: Ստեղ բոլորը մի մարդու պես հենց էդ հրամանին են սպասում:

-Այսինքն՝ հավանական հազարավոր զոհերից էլ չեք վախենո՞ւմ:

-Որ վախենալով լինի, պիտի վախենաս քո տանն էլ նստես, կարող է տան պատը փլվի՝ տակը մնաս, կամ տան լյուստրան պոկվի ու տա գլխիդ: /Ծիծաղում ենք. Վ.Ս/

-Մի խոսքով՝ ոչ մի թիզ թշնամուն, որը հարյուրամյա ճերմակամորուս «մահ կամ ազատությունն» է, ոչ ավելին: Իսկ ո՞ւր մնաց սցենար փոխելը:

-Ես՝ օրինակ, այդպես չեմ մտածում: Պետք է հասնել փոխզիջման, թե չէ մեր թոռներն էլ կմասնակցեն այս պատերազմին: Նրանք էս բառը լավ չեն հասկանում, պիտի ուղեղներին հասնի, որ փոխզիջումը փոխադարձ զիջումներ է նշանակում, ոչ թե՝ միակողմանի, ինչպես իրենք են հասկացել:

-Բայց նայեք, համացանցի որ հարթակում երկու կողմի ջահելություն է հավաքվում, բացի յոթ հարկանի հայհոյանքից այլ բան չկա, ելքեր փնտրող մի դիսկուրս ես չեմ տեսել դեռ: Ինչպես կյանքը ցույց տվեց, այս կոնֆլիկտի կարգավորումը ոչ մի ուժի կենտրոնի էլ ձեռք չի տալիս, ո՞ւմ վրա է մեր հույսը, ո՞վ է այստեղ խաղաղություն հաստատելու: Երիտասարդությունը կարող է չէ՞ ելքեր փնտրող հարթակներ գոնե ձևավորել, չէ՞ որ պատերազմը ելք չէ:

-Բայց մենք ինչ կարող ենք անել.թուրքն ուրիշ լեզու չի հասկանում, նրանց նպատակն էն գլխից էլ եղել է հային ոչնչացնելը: Սովետի ժամանակ նույն բանը խաղաղ միջոցներով են արել, հիմա էլ սենց են ուզում անել: Դրանց հետ ինչ խոսես, որ իսկի իրանց դիակները չեն ուզում հավաքել, մարդու հետ կխոսան:

-Իրենց մի տարեկանից վարժեցրել են հայի դեմ, մի տարեկանից արյունները պղտորում են:

-Մի անգամ Բաքվից Երևան երիտասարդների մի պատվիրակություն էր եկել միջազգային մի խաղաղարար կոչված ծրագրով, և ես նրանց հետ ահագին զրուցեցի: Էդ խեղճերին, իհարկե, ձիու դոզաներով ներարկել էին, թե մենք իրենց երկրի 20 տոկոսը գրավել ենք, և դրա համար էլ էդ ջահելությունն այլ ասելիք չուներ. տասը հարցի տասը հոգով մի պատասխան էին տալիս՝ տվեք մեր հողերը: Ընդհանրապես, համատարած զոմբիացման դեպքում է այսպիսի ինքապատասխանիչ միանում: Դրա համար էլ, լավ չեմ հասկանում, թե ինչու ենք մենք էլ անվերջ կրկնում նույն պատասխանները:

-Հիմա մենք ինչ պատասխան տանք, հիմա մեր պատասխանները մեր բանակն ա տալիս: Թող էն կողմից հարցը չտան, մեր բանակն էլ իրանց պատասխանն էս կողմից չտա:

-Իսկ ինչո՞ւ եք ասում բանակը և չեք ասում դպրոցը, համալսարանը: Լավ կրթություն չունեցող երկիրը կարո՞ղ է ժամանակակից, մրցունակ բանակ ունենալ: Եթե 3, 4 հազարանոց երկրի բանակը մորումանուկով էլ զինվորագրվի, չի կարող չէ՞ դառնալ բոլորի ահուսարսափը:

-Իհարկե, կրթությունը շատ կարևոր է, բայց էս պատերազմի պայմաններում չի կարող բանակից ավելի կարևոր բան լինել:

-Անվտանգություն որ չեղավ, մնացած հարցերը զրո ա:

-Թուրքը հիմա եկել էր, հասել Երևան, որ ստեղ էդքան թակ չուտեր: Սխա՞լ եմ ասում:
-Սխալը, երևի, այն է, որ պատասխանները կրկնվում են, կրկնվում:
[img=left]https://scontent-sof1-1.xx.fbcdn.net/v/t34.0-12/19692488_1561333920557246_454696982_n.jpg?oh=e02a06902a2e937d8adfde47b4610094&oe=595B5D96[/img]
Շուշան աղջիկ, Արցախի Թումոյի ամենախելացին

-Բարի օր, Շուշան ջան: Նախ ասեմ՝ քեզ ինչպես գտա: Երեկ ահագին զրուցեցի մայրաքաղաքի երիտասարդության հետ: Եվ ցավոք սրտի, նրանցից առանձնապես նոր ու թարմ մտքեր չլսեցի գլխավոր հարցերի վերաբերյալ: Ասվում էր այն, ինչ տասնամյակներ շարունակ լսել եմ իրենց հայրերից ու պապերից: Մի քիչ նեղսրտված գնացի Թումո և Թումոյի Ստեփանակերտի կենտրոնի ղեկավար Կորյուն Խաչատուրյանին ուղիղ հարցրի, ասի՝ կարո՞ղ եք ինձ ասել, թե ովքեր են Թումոյի ամենախելացի սաները: Եվ նա առաջինը հենց քո անունը տվեց, գիտե՞ս:

-Վայ, ես էլ զարմացա, որ ամենախելացիի համարում ունեմ: Չգիտեմ, կարդարացնեմ Ձեր հույսերը, թե ոչ, բայց պատրաստ եմ իմ մտքերով կիսվել Ձեր ասած՝ գլխավոր հարցերի շուրջ:

-Ուրեմն սկսենք ամենագլխավոր հարցից՝ Արցախի այսօրվա կրթական մակարդակից: Դու ինչպե՞ս ես այն գնահատում, եթե օրինակ՝ 10-ը բալանոց գնահատական սահմանենք դրա համար:

-Էդպես բալերով, երևի, դժվարանամ, բայց որ վատ է և անգամ շատ վատ՝ դա փաստ է: Իհարկե, կան լավ ուսուցիչներ, որոնք կցանկանային ավելի հետաքրքիր և արդյունավետ դասեր անցկացնել, բայց նրանք եղած կրթական ծրագրերը չեն կարող հիմնովին շրջանցել: Կա կրթական մի հնացած համակարգ, որը ոչինչ չի տալիս 21-րդ դարի մարդուն: Օրինակ` ես 10-ը տարի սովորել եմ դպրոցում, ու չեմ ստացել այնպիսի գիտելիք, որը կիրառական կլինի այս նոր ժամանակի համար: Սովետական դպրոց է և գնում է իր նախկին ավանդույթներով, ոչինչ չի փոխվել, ոչ մի պրակտիկ բան չես սովորի այդ դպրոցներում:

-Իսկ քո կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ չի վերանայվում կրթական համակարգը:

-Երևի ոչ մի կողմից էլ չկա դրա գիտակցումը, անտարբեր վերաբերմունքի արդյունք է: Նաև չկա նոր գիտելիքի պահանջարկը՝ թե վերևում և թե ներքևում: Ծնողների մեծամասնությունը երազում է, որ իր երեխան իրավաբան կամ տնտեսագետ դառնա, կարծելով, թե նախկինի նման հենց սրանք են ամենալավ մասնագիտությունները: Նոր մասնագիտությունների, նոր, մրցունակ գիտելիքի մասին չկա իմացություն, չունեն տեղեկատվություն: Ծնողների մեծամասնությունը սովետական մարդիկ են և, կարծես, շարունակում են ապրել վաղուց գոյություն չունեցող այդ երկրում: Այնինչ, նոր մասնագիտություններով կարելի է ցանկացած տեղում գումար վաստակել, այս երկարատև պատերազմի մեջ գտնվող Արցախին հենց այդ մասնագետներն են պետք, բայց ոչ մեկը դրա մասին չի մտածում, կրթական հարցերը չեն քննարկվում: Դրա համար էլ չի վերանայվում կրթական հին համակարգը:

-Դե կրթությունը արժեքների համախումբ է, բայց արդյոք մենք հստակեցրե՞լ ենք մեր արժեքները: Չէ՞ որ հենց այդ իդեալներն են ձևավորում կրթության նկատմամբ պահանջատիրություն:

-Իհարկե, հստակ չէ, դրա համար էլ՝օրինակ, ես Թումոյում 2 տարվա ընթացքում ավելի շատ բան սովորեցի, քան՝ դպրոցի տասը տարիներին: Այնտեղ արդիական գիտելիք ես ձեռք բերում, և մարդկային շփման տեսանկյունից էլ այդ կենտրոնը շատ բան է տալիս քեզ, ի տարբերություն դպրոցների: Բայց ժամանակն ափսոս է, կարո՞ղ են չէ դպրոցներն էլ ժամանակակից դարձնել: Աշակերտը ժամը ութից մինչև ժամը երեքը դպրոցում է անցկացնում և այս նոր ժամանակի համար կիրառելի գիտելիքներ չի ստանում: Եվ դրությունն ավելի վատթար է բուհերում:

-Այո, և ՀՀ-ն էլ առանձնապես չի փայլում այս հարցում: Հայկական որևէ բուհ ներառված չէ եվրոպական շուրջ 300 համալսարանների շտեմարանում, այն դեպքում, երբ ԱՊՀ-ից տասնյակ բուհեր կան այնտեղ: Էլ չենք խոսում այն մասին, որ մեր բուհերը շարունակում են վերարտադրել հարյուրավոր մասնագիտություններ, որոնք վաղուց մեռած մասնագիտություններ են համարվում աշխարհում:

-Ճիշտ եք, ես էլ եմ ահագին ուսումնասիրել: Դրա համար էլ նախ կգնամ Դիլիջանի UWC –ը, հետո, երևի, Կանադա:
[img=left]http://www.tert.am/files/02Lily/19668196_1561334433890528_1610085897_n.jpg?1499003073316[/img]
-Բայց կրթություն ստանալուց հետո տուն կվերադառնաս, չէ՞:

-Կախված է նրանից, թե սովորածս որքանով պետք կգա Արցախում: Եթե պետք լինի, իհարկե, կգամ: Կուզեի սովորածս նաև սովորեցնել այստեղ, ես շատ եմ տխրում կրթական այս ցածր մակարդակի համար: Եթե լավ կրթություն չլինի, մնացած ամեն ինչը իզուր թափված ջանքեր են: Առանց կրթության ոչինչ հնարավոր չէ զարգացնել, այդ թվում և բանակը:

-Եվ, իմիջիայլոց, նոր, մրցունակ գիտելիքների տիրապետող ընտրախավն այլ կոորդինատներից է նայում նաև պատերազմին և խաղաղությանը: Նկատե՞լ ես, որ իր մասնագիտությանը լավ տիրապետող մեկը երբեք չի տրվում ռազմահայրենասիրական պաթոսին:

-Իհարկե: Ինձ էլ դուր չի գալիս այդ պաթոսը: Հիմա ինչպե՞ս է, հիմնականում լավ կրթություն չստացած, մասնագիտություն չունեցող մարդիկ բանակ են մտնում և այնտեղ ծառայում և ստացվում է, որ Արցախում կրթություն չունեցող մարդիկ ավելի շուտ են աշխատատեղ գտնում, քան՝ կրթվածները:

-Այո, դա անգրագիտության ռևանշ է, ամենասարսափելի բանը, որ կարող է պատահել որևէ երկրում: Եվ պատերազմը չի ավարտվում ոչ միայն վատ հարևանի պատճառով, այլ այն բանի համար , որ միտքը չի կարողանում տեղակայվել, գիտելիքը չի արժևորվում: Այդպես չէ՞:

-Չգիտեմ, ուղղակի այստեղ մարդիկ, իսկապես, խաղաղասեր են, իսկ այս պատերազմը ավելի շուտ քաղաքականություն է, որից ես շատ բան չեմ հասկանում:

-Ի՞նչ իդեալներ ունի Արցախի երիտասարդությունը, քո սերունդը: Այ, երբ հավաքվում եք, ինչի՞ մասին եք ամենաշատը զրուցում:

-Անկեղծ ասած՝ ես մի քիչ հիասթափված եմ, որովհետև քչերն ունեն իդեալներ, ապագայի հետ կապված լուրջ պլաններ: Չգիտեմ, մեծ մասը ոնց է ապրում, ուղղակի ժամանակավոր ինչ-որ բաների վրա է ժամանակը վատնում: Եթե հարցնես, թե մի 5 տարի անց ինքն ինչ է անելու՝ չգիտի: Հեռանկար չեն տեսնում, հարմարվող են: Ընդհանրապես, Արցախում մարդկանց մեջ չկա բողոքելու, ընդվզելու հատկությունը: Բայց բոլորը պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել պատերազմում: Բայց ինչու զոհաբերել, երբ կարելի է որպես երկիր զարգանալ, ներքին ամենատարրական խնդիրները չպատճառաբանել պատերազմի գոյությամբ: Սովորաբար այդպես է՝ ինչ հարց, որ բարձրանում է, մեղավորը պատերազմն է և պետք է լռել, որ թշնամու ջրաղացին ջուր չլցնել: Հեռուստատեսությամբ ոչ մի վատ բան չեն ասի՝ ոչ մի քննադատություն, մարդիկ էլ իրեն տներում կզրուցեն, կթեթևանան, կանցնի կգնա:

-Այստեղ, իհարկե, մենք՝ լրագրողներս էլ ենք մեղավոր: ՀՀ-ում քարը քարի վրա չենք թողնում, բոլորին և ամեն ինչ քննադատում ենք, իսկ Արցախին մեր հիվանդ երեխայի տեղն ենք դնում, որին միայն պիտի ծափիկ-ծափիկ անենք և գլխներիցս չիջեցնենք: Բայց առանց քննադատական մտքի ոչ մի բան ոչ մի տեղ զարգանալ չի կարող, այդպես չէ՞:
-Մենք երկու բան չպիտի խառնենք. պատերազմական դրությունը մի բան է, էն որ երկրում ավելի լավ վիճակ պիտի լիներ, դա էլ ուրիշ բան է։ Եթե ներքին կյանքում փոխվի դեպի լավը, ուրեմն արտաքին ազդակներն էլ ավելի լավը կլինեն: Իսկ մենք հակառակն ենք անում, ասում ենք՝ քանի որ արտաքինը վատ է, պատերազմ է, ներքինն էլ պիտի վատ լինի: Ինչո՞ւ: Չէ՞ որ թուրքը չի կարող մեզ խանգարել ավելի լավ դպրոցներ ունենալուն, այս կրթական համակարգը, իսկապես, բարեփոխելուն: Դե թող խանգարեր, որ Արցախում Թումոն չբացվեր, բա ինչո՞ւ չի կարողացել խանգարել: Ներքին իրավիճակն է բերում արտաքինի, որովհետև այստեղ չկա այն գիտակցությունը, որ բոլոր հարցերը միայն գիտելիքի ուժով է հնարավոր կարգավորել: Մենք պակաս չենք ոչ մեկից, հենց սկսած՝ խելքի ուժից։ Այստեղ շատ մարդիկ կան, որ մեծ պոտենցիալ ունեն: Ու բոլորին չի կարելի ներշնչել, որ պիտի գնան հայրենիքի համար զոհվեն: Իսկ հայրենիքի համար զոհվել պետք չէ, ապրել է պետք, իսկ դրա համար պետք է լավ մասնագետ դառնալ:

-Այո, որովհետև մասնագիտություն չունեցողի վերջին հանգրվանը ռազմահայրենասիրությունն է: /Ծիծաղում ենք.Վ.Ս./ Չգիտեմ, պատերազմը, երևի, հենց դա է, որ բռնում մարդկանց ու նրանց բնակավայրերը մի կետում քարացնում է, երևի չի թողնում նաև, որ միտքը շարժվի, կարծրատիպեր է թելադրում, այդպե՞ս է, թե՞ ես եմ ծայրահեղացնում:

-Օրինակ՝ այդ կարծրատիպերը կան, որոնք մեզ անընդհատ անցյալի պրոբլեմների մեջ են պահում և չեն թողնում, որ մենք զարգանանք: 21-րդ դարի քաղաքացին պիտի ավելի լայն մտահորիզոն ունենա, ոչ մի պայմանականություն չպիտի նրան խանգարի: Իսկ այստեղ մարդուն բեռնավորում են նախորդ դարերի դժբախտ պատմություններով և շատերը դրանով են տարվում, այդ ուտոպիստական գաղափարներով: Պետք է մեզ համեմատենք ուրիշների հետ, անընդհատ համեմատենք ու տեսնենք՝ որտեղ ենք հետ մնացել, ինչն է պատճառը, որ տարբեր երկրներ զարգանում են, իսկ մեզ մոտ այնքան դանդաղ է այդ զարգացումը, որ կարծես, տեղում ենք դոփում, առաջ չենք շարժվում: Իսկ հիմա աշխարհում զարգացումներն այնքան արագ են, որ էսպիսի տեմպերով ոչ մի տեղ չես հասնի: Դրսում կրթությունը ոնց է, աստիճանակարգերով բաժանում կա՝ չես հաղթահարել այդ լեվլը կամ պիտի հետ գաս՝ սովորես, կամ դուրս ես մնում: Իսկ այստեղ ոչ մեկը ոչ մի տեղից դուրս չի մնում ոչ վատ աշխատանքի, ոչ էլ ուսման համար: Մենք անընդհատ մեծ-մեծ, աղմկոտ բաներից ենք խոսում, բայց Արցախում այսօր մաթեմատիկայի լավ մասնագետի պակաս կա, որ շատ պարզ բան է, նորագույն տեխնոլոգիաներ չէ, բայց կա այդ պակասը: Գյուղերից Ստեփանակերտ, Երևան շատ մեծ արտահոսք կա այս պահին, ես գյուղերում շատ եմ լինում և սա տեսնում եմ: Իսկ մարդկանց մեծամասնությունը հնդկական սերիալներով է տարված, փոխանակ մտածի, թե ինչպես կարող է իր կյանքը փոխել: Իսկ Արցախում պետք է վերևից ներքև գիտակցություն փոխել, եթե ուզում ենք առաջընթաց լինի:

- Շուշան ջան, կարո՞ղ է այս պատերազմի արանքում մեր հնչեցրած խոսքը մի տեսակ սխալ ընկալման արժանանա: Ախր ես գնացող եմ, դու՝ մնացող: Կուզե՞ս խոսքիդ մի քանի սուր կտորները հանեմ, որ հանկարծ, ով գիտի…, հը՞:
-Չէ, ինչո՞ւ, եթե ուզում ենք մի բան փոխել, ապա պետք է նաև սուր խոսել, քննադատել, չէ՞: Ես էլ իդեալական չեմ ու շնորհակալ եմ լինում նրանցից, ովքեր խոսում են իմ սխալներից, թերություններից: Եթե կարծում եք, որ Ձեզ կվնասի, դա ուրիշ բան, բայց ես իմ ասած ոչ մի բառից չեմ հրաժարվում:

-Արի գրկեմ ու համբուրեմ քեզ, Շուշան աղջիկ…

ՎԱՐԴուհի Սիմոնյանскачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →