Երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված Գյումրիում ՀՀ կառավարության արտագնա նիստին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը ներկայացրել է «Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված եւ 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ» զեկույցը:
Նա նշեց, որաղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որոնցից 4839 ընտանիքի (շահառուների 90%) բնակարանային խնդիրը լուծվել է 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին:
Ավետիք Էլոյանը նշեց, որ ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է մինչեւ 2020 թվականի տարեվերջ ավարտին հասցնել մնացած թվով 542 ընտանիքների նկատմամբ ձեւավորված պետական պարտավորությունների կատարումը:
Ըստ նրա՝ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով հատկացված 460 մլն. դրամի հաշվին ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կլուծվի եւս 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույցների ավարտմամբ: Կիսակառույցների շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2019 թվականի մարտին եւ ավարտել մինչեւ դեկտեմբերի 1-ը:
«Արդյունքում, դեռեւս լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 3.5 մլրդ. ՀՀ դրամ: Ընդ որում, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված է 560 մլն. դրամ»,-ասաց նա:
Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել եւ ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի նիստում ընդունվել է համապատասխան որոշում, որով նախատեսվել է, որ համապատասխան համայնքների ղեկավարների կողմից պետք է իրականացվի բոլոր ոչ հիմնական շինությունների փաստագրում, փաստագրման արդյունքում պետք է կազմվեն գրաֆիկական եւ աղյուսակային նյութեր, որի վերաբերյալ ամփոփված տեղեկատվությունը մինչեւ տարեվերջ պետք է ներկայացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն: